Ինչու՞ են մահանում մեր զինվորները՝ դեռ չհայրացած մեր երիտասարդները
25.02.2020 | 01:38
Բանակում օր օրի ավելանում է զինվորների մահացության թիվը. սա որևէ մեկին ՝վարչապետին, ՀՀ և ԱՀ պաշտպանության նախարարներին, գլխավոր շտաբի պետերին, ՀՀ և ԱՀ ԱԺ նախագահներին, ՀՀ և ԱՀ ազգային անվտանգության ծառայության ղեկավարներին, ՀՀ և ԱՀ գլխավոր դատախազներին, ՀՀ և ԱՀ ոստիկանապետերին չի՞ մտահոգում: Սա ի՞նչ անհոգի ակադեմիական լռություն է, ասես ոչինչ էլ չի պատահել:
Համեմատությունս գուցե և՛ տեղին, և՛ բարոյական չէ, բայց 1,5 միլիարդ բնակչություն ունեցող Չինաստանում մեկ ամսում մոտ հազար մարդ է մահացել անհայտ վիրուսից, Չինաստանը կենտրոնացրել է իր ողջ պետական ներուժը՝ կասեցնելու և՛ վարակի տարածումը, և՛ մահացությունը: Սա դեռ համաճարակի դեպքում, երբ մարդը կանխավ չգիտի, թե երբ և ինչ հարուցիչ կարող է տարածվել: Իսկ բանակում ներքին սպանությունները հնարավոր է կանխարգելել:
Պարո՛ն վարչապետ, ասում եք սահմանին խաղաղ է, որն արդյունք է երկու նախագահներիդ պայմանավորվածության։ Գուցե և լավ է, որ կա այդ փոխըմբռնումը, եթե դրա դիմաց հակառակորդը մեզնից-Ձեզնից չպահանջի խորագույն զիջումներ… Սակայն առկա է մեր զինվորների մահացությունների փաստը՝ անհայտ հանգամանքներում։ Այսպիսի մեկնաբանություն տվող անձը երևի մի քիչ իրավաբանական գիտելիքներ կունենա, որպեսզի այս անորոշ և անմիտ բնութագրումը չտա դեպքին: Եթե այդ գործերը հետաքննում են իրավաբան մասնագետները, ապա հենց մեկ ժամ հետո պիտի զորանոցային այդ նեղ շրջանակում բացահայտեին մահվան պատճառները և սպանությունն իրականացնողին: Մինչդեռ մի ողջ ժողովրդի հիմարի տեղ են դնում…Այսքան սպանություններից հետո համապատասխան պետական մարմինները ժամանակին ցավակցություն անգամ չեն հայտնել, լուռ են դատախազությունը, ռազմական ոստիկանությունը, Գլխավոր շտաբը, ՊՆ և ՊԲ նախարարները, ՀՀ և ԱՀ ԱԺ-ն իրենց ողջ կազմով։
Սա ի՞նչ դավադրություն է մեր ժողովրդի դեմ։
Մեր զորանոցները, առաջնագիծը, Արցախի բոլոր զորամասերը, թեկուզ դրանք Ստեփանակերտում էլ լինեն, միևնույն է, առաջնագիծ են համարվում, որովհետև պաշտպանում են ոչ միայն Արցախը, այլև ողջ Հայաստանը. և այդ զորամասերում մեռնում են մեր զինվորները՝ դեռ չհայրացած մեր երիտասարդները, անհայտ հանգամանքներում՝ ընդհուպ մինչև հանկարծամահ լինելը։ Որտե՞ղ են մեր երկու կառավարությունների խիղճն ու տրամաբանությունը այդ անհեթեթությանը հավատալիս։
Տարիներ առաջ անդրադարձել եմ բանակում անհայտ հանգամանքներում մահացածներին որպես ինքնասպան մատուցելու մեկնաբանություններին ու իմ մտահոգությունն եմ հայտնել առ այն, որ զինվորական ծառայության մեկնող երիտասարդների հետ նախապես՝ դեռ դպրոցում բարոյադաստիարակչական աշխատանք չի տարվում:
Մինչդեռ կա դրա խիստ անհրաժեշտությունը: Մեր երկրում շատացել են ամեն տեսակի աղանդներն ու կազմակերպությունները, որոնք ազատ հնարավորություն ունեն հաղորդակցվելու երիտասարդների, անգամ դպրոցական երեխաների հետ, առավել ևս, եթե բանակ մեկնող երիտասարդի ընտանիքը որևէ աղանդի հետևորդ է: Զինկոմներն ու առհասարակ պաշտպանության նախարարությունը այդ մասին տեղյա՞կ են, թե՞, այսպես կոչված, կույր հավատ ունեն՝ հայ տղա է, ուրեմն ամեն ինչ կարգին է։ Մինչդեռ ռազմական ուսուցման դասաժամերին պետք է նախ և առաջ շեշտը դնել պատանիների հայրենասիրական, բարոյական, միջանձնային հարաբերությունների դաստիարակության վրա՝ «հայը հայի համար բարեկամ է» գաղափարաբանությամբ: Մենք 30 տարի է պատերազմի մեջ ենք և իրավունք չունենք վայրկյան անգամ թուլանալու ոչ միայն թշնամու առաջ, այլև երկրում ներքաղաքական հարաբերություններում, իրավունք չունենք ներքին լարվածություն ստեղծելու, որը աներկբայորեն անդրադառնում է երկրի ու նրա կառավարության վարկի և հեղինակության վրա, թուլացնում է համազգային պայքարի և երկիրը հզորացնելու միասնականությունը: Աշխարհի ողջ հայությունը, իսկ հայաստանցիներս՝ առավել ևս, ո՛չ իրավական և ո՛չ էլ բարոյական իրավունք չունենք կորցնելու մեր այս մի ափ Հայրենիք-պետությունը։ Էլ չեմ ասում, որ հայաստանցիներս՝ նախագահ-վարչապետից սկսյալ, անկախության առաջին իսկ օրից տասնամյակներ շարունակ պիտի հրաժարվեինք ճոխությունից և մեր ավելորդ երկրորդ լուման անգամ պիտի դնեինք մեր երկրի շենացման ու հզորացման գործում։ Իսկ մենք ի՞նչ արեցինք ու շարունակում ենք անել ու չանել…
Մենք հեղափոխություն արեցինք, որ երկրում վերանան ներքին հակասությունները՝ երկիրը թալանողների կողմից ստորացված ու նեղացածների և երկրի իշխանության լծակներն իրենց ձեռքը վերցրած և լկտիացած զանգվածի միջև։ Մենք ապրում ենք մեր հայրենիքում, և այդ «նախկինները» կարող են լինել մեր հարևանը կամ բարեկամը, որոնց հետ շարունակելու ենք ապրել նույն քաղաքում, նույն փողոցում ու նույն գյուղում, մենք հո չե՞նք կարող երկրում ստեղծել հակահայ մթննոլորտ, ինչը, ցավոք, արդեն կա մեր սահմաններից դուրս։
Պարո՛ն վարչապետ, ու՞ր մնաց հեղափոխության օրերին Ձեր հնչեցրած «Սիրո և համերաշխության» հեղափոխությունը։ Համացանցը հեղեղված է անպարկեշտ, վիրավորական բառերով և արտահայտություններով հակառակ ճամբարի իրենց հայրենակիցների հասցեին, և որքան լկտի ու անբարո են այդ արտահայտությունները, այնքան հայհոյանք գրողն իրեն հաղթող է զգում և իր էջում «լայքեր» է հավաքում ու հրճվում։ Հեղափոխության կողմնակիցներից յուրաքանչյուրին թվում է, թե դրանով օգնում է Ձեզ և պաշտպանում հեղափոխությունը, իսկ հակառակ կողմում վստահ են, որ նսեմացնում են Ձեզ ու հեղափոխությունը: Մինչդեռ ներքին թշնամանքը պառակտում է մեր ժողովրդին, իսկ մենք պատերազմի մեջ ենք, մի՛ մոռացեք, պարոն Փաշինյան։
Սա մեկ:
...Հետևո՞ւմ են արդյոք բանակի հրամանատարները, թե մեր զինվորներն իրենց հանգստի կամ ծառայության ժամերին ինչ բովանդակությամբ զրույցներ են ունենում: Գուցե այդ սպանությունների մեծ մասը հենց «քաղաքական» հողի՞ վրա է կատարվում... Որտե՞ղ են զորամասերի հրամանատարները, թե՞ դարձյալ հին սովորույթով «չաստը պահողներին» են թողել զինվորի ճակատագիրը։ Խորհրդային բանակում հրամանատարներից բացի՝ կրտսերից մինչև ավագ, կային նաև քաղղեկներ, այսինքն՝ զինվորների քաղաքական հասունության, բարոյական դաստիարակության, միջանձնային հարաբերությունների կարգավորման և հայրենասիրության դասեր էին անցկացնում: Այդ բանակում ծառայում էին տասնյակից ավելի ազգությունների զավակներ: Պատկերացնու՞մ եք՝ ինչ նախճիր կլիներ զորամասերում, եթե պետությունն ու բանակը մեծ հաշվով հենց բանակում չկրթեին այդ երիտասարդներին:
Պատմական անհրաժեշտ «թռիչք» կատարենք ու մտաբերենք 10-րդ դարի մեր պատմության ճակատագրական դրվագներից մեկը, թեև այնքան ճակատագրական էր այն, որ դրվագ կոչելը հանցանք է։
Բոլորիս է հայտնի, որ 428 թ. վերացավ Արշակունիների թագավորությունը:
Մոտ 5 դար պետականությունը կորցրած Հայաստանը հայտնվել էր հարևան երկու հզոր պետությունների՝ Պարսկաստանի և Բյուզանդիայի քաղաքական ճնշման տակ. երկիրը մնացել էր առանց թագավորի, իսկ իշխանական տները, փոխանակ միավորվեին և դիվանագիտական ճկունություն ցուցաբերեին ու վերականգնեին հայոց պետականությունը, ամեն մեկն իր սահմաններն էր պաշտպանում՝ բանակցելով և տուրքեր տալով զավթիչներին, դեռ ավելին, հայկական այրուձիով՝ որպես վարձկաններ, կռվում էր մեր թշնամու թշնամիների դեմ։
Հետո եկան արաբները, հաղթեցին հույներին ու պարսիկներին, խլեցին նրանցից Հայաստանը և միավորեցին։ Ահա, այստեղ էր, որ մեր նախարարները դարձյալ չկողնորոշվեցին. երկու հակառակորդների հետ բանակցելն ավելի դժվար է, քան մեկի, մանավանդ, որ այն երկուսը այս մեկի թշնամիներն էին։ Չխորանանք պատմության բավիղներում։ Փաստենք՝ 10-րդ դարում Բագրատունյաց նախարարական տունը ուժ գտավ և Հայաստանում վերականգնեց պետականությունը՝ թոթափելով արաբական գերիշխանությունը:
Մոտ մեկ դար տևեց հայոց անկախ պետականության պատմությունը։ Բա՞յց… Բայց ի՞նչ արեցին Արծրունիները… Նրանք շատ թե քիչ ամրապնդել էին իրենց տնտեսական և ռազմական վիճակը և որոշում են մրցակցել ոչ ավել, ոչ պակաս Բագրատունիների հետ և արաբների օժանդակությամբ ստեղծում են Վասպուրականի թագավորությունը, որն իր կարճատև գոյության ընթացքում նախ մեծ հարված էր արդեն գոյություն ունեցող Բագրատունյաց թագավորությանը, այսինքն՝ հայոց վերականգնված պետականությանը: Որոշ ժամանակ գոյատևում են երկու հայոց թույլ թագավորությունները և ապա նույն այդ արաբների, հույների և պարսիկների թեթև ձեռքով վերացնում են երկու թագավորություններն էլ։ Հիմա որոշ պատմաբաններ, մշակութաբաններ գովեստով և բարձր գնահատանքով են խոսում Արծրունիների ստեղծած մշակութային արժեքների՝ ճարտարապետության, պատմագրության, մանրանկարչության, եկեղեցական ավանդույթների և այլնի մասին: Իհարկե դրանք հայ մշակույթի բարձրարժեք դրսևորումներ են:
Բայց ամեն մի ժողովրդի պատմության մեջ կան առաջնայնության գաղափարներ՝ պետականության վերականգնումը կամ պահպանումը, և ոչ թե օտար զավթիչների լծի տակ ապրել-գոյատևելն ու ստեղծագործել-կառուցելը:
Տարիներ առաջ, երբ Արցախին պարտադրվեց անկախություն Հայաստանից, մտածեցի՝ գուցե և լավ է ունենալ մի քանի հայկական պետություն, որոնք կլինեն տնտեսապես շաղկապված, կլինեն նույն դրամի գոտում, ինչպես ասօր Արցախն ու Հայաստանն են, կկնքենք ինքնապաշտպանության ռազմական փոխգործակցության պայմանագիր՝ ամրագրված և պայմանավորված մեր պետությունների ռազմական-դաշնակցային և աշխարհաքաղաքական նույն շահերն ունենալով և միջազգային հարաբերություններում, դիվանագիտական սեղանների շուրջ քաղաքական, դիվանագիտական և տնտեսական հարցերի քննարկման ժամանակ կունենայինք մի քանի ձայն՝ Արևելյան Հայաստանի Հանրապետություն, Արցախի Հանրապետություն, Նախիջևանի Հանրապետություն, Կարսի Հանրապետություն և Արևմտյան Հայաստանի Հանրապետություն:
Բայց երբ խորացա այլ ազգերի պատմության մեջ և տեսա, թե ինչպես Ավստրիան անջատվեց Գերմանիայից, անգամ ստեղծեց առանձին Ավստրո-Հունգարական կայսրություն, հետո, երբ Հունգարիայից բաժանվեց, չմիացավ մայր Գերմանիային: Արաբները տրոհվեցին մի քանի պետությունների, ու հաճախ միջազգային քաղաքական և տնտեսական հարցերում չեն պաշտպանել, չեն աջակցել ազգակից պետությանը, անգամ վերջին «Արաբական գարուն» կոչված իրադարձությունների ժամանակ ոչ միայն չհամախմբվեցին ընդհանուր թշնամու դեմ, այլև անտարբեր մնացին միմյանց հանդեպ։ Ես վերլուծեցի և հասկացա, որ նույն ճակատագիրը կարող է մեզ դաժանորեն պատժել, մանավանդ որ Բագրատունիների և Արծրունիների պատմական դառը դասը մենք արդեն ունենք։
Պատմական այս ակնարկն արեցի որպես հիշեցում և սթափության կոչ ու հորդոր. մենք կկորցնենք Արցախը, եթե այն մնա մենակ՝ առանց Հայաստանի ռազմական, տնտեսական, մարդկային ուժի օժանդակության, մի բան, որին ձգտում է մեր թշնամին։ Իսկ ես և ինձ պես մտածող հարյուրհազարավոր հայեր ասում ենք. «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»։
Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ